00:15:04 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները կկարգավորվեն

    16:25 20 Մարտ 2025

    Հայաստանում գործում է դուալ կրթության համակարգ, երբ ուսանողը միաժամանակ և՛ սովորում է, և՛ աշխատում, ու քանի որ խոսքը հատկապես անչափահասներին է վերաբերում, որոնց մի մասը ՄԿՈՒ համակարգի ուսանողներ են, պետք է ապահովել նրանց՝ նմանատիպ աշխատանքներում ընդգրկվելու համար անհրաժեշտ՝ առողջության և անվտանգության պահպանման պայմանները: Այդ մասին Կառավարության՝ մարտի 20-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համակարգի բացերը լրացնող որոշման նախագիծը:

    «Նախագիծը կարգավորում է այս համակարգը՝ նշելով, թե ինչպիսի մեխանիզմներ պետք է գործեն, որպեսզի մենք ունենանք պատշաճ վստահություն, որ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավվածությունն ընթանում է համարժեք 16-18 տարեկան անձանց համար ընդունելի պայմաններին, և նաև նկարագրվում են այս ընթացակարգերը»,- ասաց նախարարը:

    Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին դուալ ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացվում են 21 հաստատությունում 27 մասնագիտություններով, և որ ցանկը շարունակում է ընդլայնվել:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ թեման կարևոր է և ռազմավարական նշանակություն ունի թե՛ կրթության, թե՛ տնտեսության զարգացման համար: Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը պետք է լրջորեն ուժեղացնել հատկապես մարզերում, այն է՝ մարզերում պետք է զարգացնել քոլեջների համակարգը, որը հենված կլինի տվյալ մարզում մասնագիտական որոշակի պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա:

    «Նախագծի հաջորդ կարևորագույն հատվածը հետևյալն է, որ մենք քոլեջների կառավարման համակարգերում ներգավենք իրական տնտեսության այն ներկայացուցիչներին, ում համար հայեցակարգային մակարդակով և գործնականում պետք է պատրաստենք կադրեր»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մարզերում անկում ապրող ոլորտներ կան, որոնք մի քանի տարի հետո այլևս չեն լինելու, բայց տվյալ մարզում ունեն երկարաժամկետ հեռանկար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս