17:46:12 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Փաստ». Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար

    09:45 6 Փետրվար 2025

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» նախագիծը:

     

    Նշվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թ. հունվարի 22-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ կարտոֆիլի սերմացուի մասով փոփոխություններ կատարելու մասին» N2 որոշման կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։

     

    Համաձայն այս որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազար տոննա ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0 ծածկագրին դասվող «E» դասի (էլիտա) և «A» դասի (առաջին վերարտադրության) կարտոֆիլի սերմացուի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (զրո տոկոս մաքսատուրքի դրույքաչափ) նկատմամբ սակագնային արտոնություն։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2025 թ. փետրվարի 9-ից մինչև 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ։

     

    ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվող որոշման դրույթների կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում կարտոֆիլի սերմացուի Հայաստանի Հանրապետություն ներմուծման ծավալների բաշխման կարգը: Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի առաջարկվում է վերջինիս ճանաչել կարտոֆիլի սերմացուի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։

     

    Նախագծով նախատեսված միջոցառման իրականացումն ուղղված է գյուղատնտեսությանը կարտոֆիլի որակյալ սերմացուով ապահովմանը»:

     

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս